Այց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Մարգարայի միջնակարգ դպրոցի մի խումբ աշակերտներ ուսուցիչների հետ մարտի 30-ին այցելեցին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր: Մեր գործընկերները հատուկ ծրագիր էին մշակել, ըստ որի պիտի անցներ մեր օրը (առավել մանրամասն  կարող եք տեսնել այս հասցեներով ՝ http://www.mskh.am/am/69042 , http://math-arhest.blogspot.am/2017/03/blog-post_30.html ): Օրը լի էր ուսուցողական և հետաքրքրաշարժ իրադարձություններով: Առաջինը, ինչ մենք տեսանք,  պարող աշակերտներն ու ուսուցիչներն էին, որոնց միացանք նաև մենք: Կրթահամալիրի աշակերտների միջոցով սովորեցինք նաև ազգագրական պարեր:

Այնուհետև ռոբոտաշինության դասասենյակում ընկեր Գնելը մեզ բացատրեց բազմաթիվ սարքավորումների կիրառությունը, հետո եռաչափ տպիչի միջոցով անվանական կախիչ պատրաստվեց:

Հաճելի միջավայրում ընդմիջում անելուց հետո շարունակեցինք մեր ուսումնական շրջայցը: Եղանք ֆիզիկայի և քիմիայի լաբորատորիաներում, որտեղ բազմաթիվ փորձեր տեսանք, նաև աշակերտներն իրենք փորձեր արեցին քիմիական նյութերով:

Գիտելիքներով հարստացած և ոգևորված՝ շրջեցինք կրթահամալիրում, և նոր հանդիպման ակնկալիքով հրաժեշտ տվեցինք մեր նոր  ընկերներին և ուսուցիչներին:

                                                                                       Ս. Գաբրիելյան

Թե ինչպես ստեղծվեց մեր բլոգը

2017թ. փետրվարին Մարգարայի միջնակարգ դպրոցը ներգրավվել է ՀՀ ԿԳՆ կողմից կազմակերպվող ծրագրի մեջ, որտեղ մենթոր դպրոցը վերապատրաստում, աջակցում և օգնում է մենթի դպրոցին: Մեզ համար մենթոր դպրոց է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը: Համագործակցության շրջանակներում մշակվեց մի ծրագիր, որտեղ նախատեսվում են փոխադարձ այցելություններ: Մարտի 22-ին կրթահամալիրի դասավանդողներն ու 5-րդ դասարանի աշակերտները եկան մեր դպրոց: Մենք մեծ սիրով ընդունեցինք նրանց, կազմակերպեցինք շրջայց դպրոցում, ծանոթացրեցինք մեր դպրոցի ուսումնական գործընթացին: Այնուհետև համակարգչային սենյակում նրանք մեզ սովորեցրեցին, թե ինչպես կարելի է բլոգ ունենալ և այն ղեկավարել: Արդյունքում մեր աշակերտները ունեցան էլեկտրոնային հասցեներ և բլոգներ: Մենք որոշեցինք դպրոցի համար ունենալ մեկ ընդհանուր բլոգ ՝ Մարգարայի միջնակարգ դպրոց անունով:

Շնորհակալություն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին աջակցության, հետաքրքիր համագործակցության համար:

                                  Ծրագրի համակարգող՝  Սաթենիկ Գաբրիելյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի նվերը

«Մխիթար Սեբաստացի»  կրթահամալիրի այցը Մարգարայի միջնակարգ դպրոց լի էր նորություններով ու անակնկալներով: Համագործակցության ընթացքում նախատեսվում է խթանել «Քիմիա» առարկայի ուսուցումը դպրոցում, զարգացնել և հարստացնել ուսուցիչների և աշակերտների մեդիագիտելիքները, կազմակերպել մեդիակրթություն: Այդ նպատակով «Մխիթար Սեբաստացի»  կրթահամալիրը  մեզ համար անակնկալ  էր պատրաստել: Նրանք մեզ նվիրեցին մեծ քանակով քիմիական լաբորատոր սարքավորումներ, և այժմ մենք ունենք քիմիայի փոքրիկ լաբորատորիա: Շնորհակալություն, սիրելի՛ գործընկերներ:

Ինչպես նշեցին ծրագրի համակարգողները՝ հետաքրքիր իրադարձություններն ու անակնկալները շարունակվում են…..

                                                                                                                                                         Սաթենիկ Գաբրիելյան